Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գուցե առաջարկեիք մեր երկրի համա՞ր էլ մի քանի նախագահ ընտրել»

«Գուցե առաջարկեիք մեր  երկրի համա՞ր էլ  մի քանի նախագահ ընտրել»
17.12.2013 | 11:53

Երեկ տեղի ունեցավՀայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը, օրակարգում նախագահի ընտրության հարցն էր: Նկարիչների միության անդամները 1000-ից ավելի են, Հայաստանում են նրանցից մոտ 700-ը, համագումարին մասնակցում էին 530-ը:

Առաջադրված թեկնածուներն էին ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ԱԹԱՆՅԱՆԸ, ՌՈԲԵՐՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանի համոզմամբ` միությունում տեսանելի թերություններ կան, որ պետք է շտկվեն: «Առաջին հերթին պետք է կանոնակարգված վիճակ ստեղծվի: Համագումարը երեք տարի ուշացումով է արվում, օրակարգի, նախագահի զեկույցի մասին նախօրոք չեն տեղեկացնում, որ պատրաստվենք, առաջարկներ ներկայացնենք: Համագումարն աշխատանքային պրոցես է, թամաշայի տեղ չի, որ լրագրողները գան, ինչ-որ սուր բաներ գրեն»,- դժգոհեց նա: Իր ելույթում առաջարկեց միությունում առկա անվստահության մթնոլորտը հաղթահարելու համար համանախագահների ինստիտուտ ստեղծել և միության ղեկը հանձնել երեք-չորսհոգանոց նախագահությանը:
«Գուցե առաջարկեիք մեր երկրի համա՞ր էլ մի քանի նախագահ ընտրել»,- ասաց Կարեն Աղամյանը, հավելելով, որ նման փորձ աշխարհում չկա, անիմաստ խոսակցություն է, և չի ուզում, որ աշխատանքն այդ հունով գնա:
Նկարիչների միության նախագահը պատասխանեց թերթիկների միջոցով իրեն ուղղված հարցերին: «Ինչպե՞ս է ծախսվում միության հանգստյան տներից ստացված եկամուտը» հարցին նա պատասխանեց. «Առանձնապես մեծ եկամուտ չկա: Շորժայի հանգստյան տունն աշխատում է մեկ ու կես ամիս: Այդ գումարը հերիքում է ընթացիկ ծախսերին: Շորժայի ապագան կախված է մշակվելիք ծրագրերից, հակառակ դեպքում կկորցնենք այն: Ծաղկաձորի տան վիճակը նույնպես նախանձելի չէ, որովհետև գրեթե ոչ ոք չի գնում հանգստանալու»:
«Լսել ենք, որ Մոսկվայից բնակարաններ են սկսել բաժանել միության անդամներին» հարցը համընդհանուր ծիծաղ առաջացրեց: Միության անդամներից մեկն էլ հետաքրքրվեց` ի՞նչ եք կարծում, 15 տարին բավական չէ՞ նախագահելու համար: «Ոչ թե ես, այլ դուք պետք է կարծեք»,- նկատեց միության նախագահը, հավելելով, որ 15 տարին փորձ է իր համար:
Նշենք, որ երբ հայտարարվեցին միության նախագահի թեկնածուների անունները, Կարեն Աղամյանը շարունակեց տեղ զբաղեցնել նախագահությունում: Լրագրողներից մեկի՝ «Ինչո՞ւ որպես թեկնածու տեղ չեք զբաղեցնում շարքերում» հարցն առաջացրեց Կարեն Աղամյանի զայրույթը: «Օտար մարդիկ թող չխառնվեն»,- ասաց նա:
Նկարիչների միության նախագահի թեկնածու Ռոբերտ Այվազյանն իր ելույթը սկսեց վերհուշով: Ասաց, որ անցյալ համագումարին արկղերով օղի է բերվել բուֆետ, նույնիսկ ոստիկաններ են եկել-նստել դահլիճում և ջղային-ջղային հետևել նկարիչներին: Թեկնածուի կարծիքով` պարզապես ինչ-որ մեկին ձեռնտու է եղել նկարիչներին հարբեցող ներկայացնելը: Նշելով, որ գնահատում է Աղամյանի կատարած աշխատանքները, այնուամենայնիվ, թեկնածուն առաջարկեց փոխել կանոնադրությունն այնպես, որ միությունը ղեկավարողը պաշտոնավարի երկու ժամկետից ոչ ավելի: «Դա չափաձև է, որ չի բերում լճացման»,- ընդգծեց նա:
Արմեն Աթանյանը «կոմսոմոլատիպ» որակեց Հայաստանի նկարիչների միության աշխատաոճը, առաջ քաշեց նկարիչների միության արվեստանոցի, թոշակի, միությանը կից փոքրիկ տպարան-հրատարակչություն, շաբաթաթերթ ունենալու հարցերը: Թեկնածուն բարձրացրեց նաև նկարիչների բժշկական ապահովագրության հարցը, նրա բնորոշմամբ` իրենցից ոչ մեկն ապահովագրված չէ, օդում, հենց այնպես ապրում են:
Նա նույնպես առաջարկեց սահմանափակել երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու հնարավորությունը և ինքնաբացարկ չհայտարարեց, ինչպես դա արել էր 2008-ին:
Քանդակագործ Գարեգին Դավթյանն իր խոսքում ասաց, թե կերպարվեստը շպրտվել է շուկայի քմահաճույքին, Հայաստանը մշակույթի երկրից դարձել է առևտրի երկիր: «Մենք մնացել ենք մենակ մեր հոգսերով: Եթե մեր ունեցած հնարավորությունները չօգտագործենք, սա կլինի ամենավերջը»,- նկատեց քանդակագործ Բաղդասար Սարգսյանը:
Այլ ելույթներ էլ եղան։
Նկարիչների միության նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ